Հայրենիքի դավաճանությունը սկսվում է մայրենին ուրանալուց

Արտաշեսի թագադրությունից շատ առաջ այս մեծ երկրամասում ստեղծվել էր մի ինքնակոչ թագավորություն: Հայքում Հայք էր ստեղծվել, բայց ստեղծողը տերությունը կոչել էր իր անունով` Զարդմանոսի թագավորություն: Զարդմանոսը թագադրել էր ինքն իրեն: Հայ Երվանդունիներից տարբերվելու համար իր արքունիքի լեզուն դարձրել էր պարթևերենը: Եթե հունարեն կամ չինարեն իմանար, տերության լեզուն կդարձներ հունարենը կամ չինարենը: Բայց նա միայն պարթևերեն գիտեր: Երիտասարդ հասակում մի քիչ խոսում էր հայերեն, բայց հետո համառորեն չխոսեց և երբ մոտեցավ հիսունին` գլխի ընկավ, որ հայերենը կատարելապես մոռացել է: Հարևան պետությունները չճանաչեցին նրա թագն ու իշխանությունը: Իսկ Պարթևաց աշխարհում զարմացան, թե այս հայը ուրիշ բան չունե՞ր անելու, որ մոռացավ մայրենին և պարթևերենով է խոսում ու մտածում, չլինի՞ թե աչք է տնկել Պարթևաց աշխարհին:
Զորապետ Սմբատը հայկական բանակով արշավեց դեպի Զարդմանոսի թագավորությունը, գերի վերցրեց Զարդմանոսին և Պարսպապատունիքի, Փայտակարանի ու Կասպքի հայկական հողերը վերամիավորեց մայր երկրին: Զարդմանոսին իր պարթևախոս աղխի ու արքունականների հետ բերեց Աշտիշատ և հանձնեց Արտաշես արքային:
– Քանի՞ կին ունես,– հարցրեց Արտաշեսը Զարդմանոսին:
– Ինն:
– Եվ քանի՞ երեխա:
– Երեսունյոթ:
– Քո ինն կանանցից և երեսունյոթ երեխաներից քանի՞սն են խոսում հայերեն:
– Ոչ մեկը:
– Ես նրանցից յուրաքանչյուրին կուղարկեմ առանձին գավառ, քեզ` նույնպես:
– Դա դաժան վճիռ է, արքա, դու Բարի անուն ես վաստակել, բայց առանց գութի իմ ընտանիքի բոլոր անդամներին ցրում ես տարբեր տեղեր:
– Եթե ես բարի չլինեի` կգլխատեի քեզ որպես ապստամբ նահապետի: Դու ինն հայուհու պարթևախոս ես դարձրել, նրանք այս անգամ կամուսնանան հայերի հետ և նորից հայախոս կդառնան, իսկ քո երեխաները կմեծանան հայերի մեջ:
– Իսկ ե՞ս:
– Ես թույլ եմ տալիս, ամուսնացիր նաև դու:
– Այս հասակո՞ւմ:
– Այո, հայուհի կնոջդ օգնությամբ կսովորես մայրենիդ, հետո նոր կգտնես երեխաներիդ:
– Բայց ես հայերեն չեմ կարող սովորել, ուշ է:
– Ուրեմն մինչև կյանքիդ վերջն էլ չես հանդիպի քո երեխաներից ոչ մեկին:
Զարդմանոսը ծնկի իջավ և փորձեց համբուրել Արտաշեսի ոտքերը:
– Չմոտենաս,– սաստեց արքան,– ու պղծել ես քո շրթունքները, հետևապես պղծել ես նաև հոգիդ ու արյունդ:
Արտաշեսն այդպես վարվեց նաև նրանց հետ, ովքեր ինքնակոչ արքային դուր գալու համար մոռացել են մայրենին և շաղակրատել պարթևերեն:
Աշխարհում չկա ավելի վատթարագույն բան, քան պաշտոն ու դիրք ձեռք բերելու համար մայրենին մոռանալը: Հայրենիքի դավաճանությունն սկսվում է մայրենին ուրանալուց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar