Երեխայի իրավունքներ

Գ Լ ՈՒ Խ  II

ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 5. Երեխայի կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

Հոդված 6. Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:

Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:

Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7. Երեխայի առողջության պահպանման իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

(7-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316, լրաց. 25.10.10 ՀՕ-156-Ն)

Հոդված 8. Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:

Հոդված 9. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

(10-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-27-Ն)

Հոդված 11. Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

(11-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316)

Հոդված 12. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:

Հոդված 13. Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:

Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

Հոդված 14. Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 15. Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 16. Երեխայի բնակելի տարածության իրավունքը

Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 18. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:

Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:

Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:

(18-րդ հոդվածը խմբ. 18.11.09 ՀՕ-209-Ն)

Հոդված 19. Երեխայի աշխատանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:

Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

(19-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-27-Ն, խմբ. 29.11.06 ՀՕ-231-Ն)

Հոդված 20. Երեխայի հանգստի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:

Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հոդված 21. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

Հոդված 22. Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:

Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:

Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:

Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23. Երեխայի անվտանգության ապահովումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  III

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Հոդված 24. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը

Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու և խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում տեղավորելու միջոցով:

Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն:

Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ելնելով երեխայի, նրա օրինական ներկայացուցիչների շահերից` պետությունը և նրա համապատասխան մարմինները երեխայի կենսապայմանների, առողջական վիճակի գնահատումը կատարում են գաղտնի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Երեխան 16 տարին լրանալուց հետո ունի ինքնուրույն ապրելու իրավունք` բավարար կենսապայմանների, պետության և նրա համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում:

(24-րդ հոդվածը խմբ. 16.03.04 ՀՕ-56-Ն)

Հոդված 25. Երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատներում 

(1-ին մասն ուժը կորցրել է 16.03.04 ՀՕ-56-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:

Մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:

(25-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-316, փոփ. 16.03.04 ՀՕ-56-Ն)

Հոդված 26. Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքները

Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք` նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հասարակական կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների բուժման հետևանքով նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալ-տնտեսական միջոցառումներ, կազմակերպում են հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի արտադրությունը և դրանց ձեռքբերումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ երեխաներն ունեն հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների ու բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) և հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերի (առարկաների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

(26-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-316)

Հոդված 27. Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը

Հաշմանդամ և կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 28. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա առաջնահերթ կարիքները:

Հոդված 29. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև` երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:

Արգելվում է մինչև 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին:

Զինված հակամարտությունների ժամանակ պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:

Հոդված 30. Փախստական երեխայի իրավունքը

Ռազմական գործողությունների և այլ ընդհարումների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական երեխան ունի իր շահերի պաշտպանության իրավունք:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ հարազատների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժկանխարգելիչ, գիշերօթիկ կամ այլ հաստատություններում:

Հոդված 31. Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս

Երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով: Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով:

Երեխայի ձերբակալման կամ կալանավորման մասին անհապաղ հայտնվում է ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:

Ազատազրկման դատապարտված յուրաքանչյուր երեխա ունի օրենքով սահմանված կարգով ազատազրկման դատավճիռը բողոքարկելու իրավունք:

(4-րդ մասն ուժը կորցրել է 05.11.03 ՀՕ-27-Ն)

Արգելվում է երեխային չափահասների հետ միասին կալանքի տակ պահելը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում երեխային քրեական պատասխանատվության ենթարկելիս փաստաբանի (հոգեբանի, մանկավարժի) ներկայությունը հետաքննության, նախաքննության և դատաքննության ընթացքում պարտադիր է:

Երեխան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ծնողների կամ մերձավոր ազգականների դեմ:

Արգելվում է որպես վկա ցուցմունքներ վերցնելու կամ սեփական հանցանքը խոստովանելու համար երեխայի նկատմամբ բռնության, սպառնալիքի և այլ ապօրինի գործողությունների կիրառումը:

(31-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-27-Ն)

Հոդված 32. Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական կամ հոգեբուժական հաստատություններում

(Վերնագիրը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն)

Երեխային հատուկ դաստիարակչական հաստատություն է ուղարկում միայն դատարանը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:

Երեխան առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Հատուկ դաստիարակչական կամ բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության և նամակագրության իրավունք:

Հատուկ դաստիարակչական հաստատության խնդիրն է երեխային ուղղելը և վերադաստիարակելը:

(32-րդ հոդվածը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն)

Գ Լ ՈՒ Խ  IV

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 33. Երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիրը

Երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով (այսուհետ` Տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:

Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:

Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա տարեկան ծրագրում:

Հոդված 34. Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները

Տարեկան ծրագիրը ներառում է`

ա) ծրագրի հիմնական խնդիրները.

բ) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.

գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

դ) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

ե) երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

զ) առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու և նրա առողջության պահպանման միջոցառումները.

է) երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղությունները և հեռանկարները.

ը) հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխաներին հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները, ծավալները և նախատեսվող արտոնությունները (այդ թվում` անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի, հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի անվճար տրամադրում և այլն, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների).

թ) սոցիալական անապահով երեխաներին (այդ թվում` ծնողազուրկներ, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներ և այլն) հատկացվող օգնության ծավալները և նրանց տրամադրվող արտոնությունները.

ժ) անօթևան կամ ծնողական խնամքից զրկված երեխաների խնամքը և դաստիարակությունը մանկատներում, գիշերօթիկ և ուղղիչ-աշխատանքային հաստատություններում կազմակերպելու ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.

ժա) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.

ժբ) երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով նախատեսվող միջոցառումները (ստացիոնար կամ բակային ճամբարներ և այլն).

ժգ) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:

Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև դրա կատարումն ապահովող օրինագծերը:

Հոդված 35. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը

Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar